Չինաստանի առաջնորդ Հու Ցզինտաոյի Վաշինգտոն կատարած այցի ընթացքում ԱՄՆ-ի եւ Չինաստանի ընկերությունները կնքել են 45 միլիարդ դոլարի գործարքներ:

Խոշորագույններից մեկը չինական ընկերությունների պայմանագիրն է Boeing ինքնաթիռաշինական ընկերության հետ: Չինաստանը կստանա այդ կորպորացիայի 200 ինքնաթիռներ: Ամերիկյան իշխանությունները նշում են, որ գործարքների շնորհիվ կլուծվի ԱՄՆ 235 հազար քաղաքացիների զբաղվածության խնդիրը, գրում է Utro.ru-ն:

Վերջին տարիներին ՉԺՀ-ի եւ ԱՄՆ-ի հարաբերություններում առկա են նաեւ վիճահարույց կետեր: Վաշինգտոնը մշտապես դժգոհություն է հայտնում յուանի փոխարժեքի արհեստական իջեցման կապակցությամբ, իսկ Պեկինին նյարդայնացնում են ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի ռազմավարժանքները Կորեական թերակղզում եւ Թայվանին ամերիկյան զենք մատակարարելու փաստը: