Ռուսաստանի եւ Սիրիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Բաշար Ասադը քննարկել են համատեղ աշխատանքի ուղղությունները: Ասադը Սոչի է ժամանել աշխատանքային այցով:
Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Պուտինը շնորհավորել է Ասադին ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում Սիրիայի կառավարական բանակի հաջողությունների կապակցությամբ: «Այժմ՝ այս ռազմական հաջողություններից հետո, անկասկած, լրացուցիչ պայմաններ են ստեղծվել քաղաքական գործընթացների լիարժեք վերսկսման համար»,-ասել է Պուտինը:
Բաշար Ասադը շնորհավորել է իր ռուս գործընկերոջը նոր նախագահական ժամկետի կապակցությամբ: Նա ընդգծել է, որ Պուտինի հետ վերջին հանդիպումից հետո շատ դրական փոփոխություններ են եղել: «Կայունությունը (Սիրիայում) բարելավվում է, եւ այս ամենը սկսված քաղաքական գործընթացների առաջ դռներ է բացում»,-ասել է Ասադը։
Ասադը նաեւ շնորհակալություն է հայտնել ՌԴ Զինված ուժերին, մասնավորապես, օդատիեզերական ուժերին ահաբեկչության դեմ պայքարի գործում ունեցած ավանդի համար:





























