Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ռուսական դիրքորոշումը երբեք չի ենթադրել հրաժարվել մասնակցել միջազգային կոնկրետ իրադարձություններին միայն այն պատճառով, որ այնտեղ կարելի է պատահաբար «դեմ առ դեմ» հանդիպել Ղարաբաղի ներկայացուցիչների հետ: Այս մաին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Վարչությունն արձագանքել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության քննադատությանը, որը դատապարտել էր վերջերս Սուխումիում կայացած Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնյայի հետ Արցախի պատվիրակության հանդիպումը:

Ինչպես պարզաբանում է Ռուսաստանի ԱԳՆ-ն, հանդիպումը տեղի է ունեցել Աբխազիայի դիվանագիտական ծառայության 25-ամյակի տոնակատարության շրջանակներում, որին հրավիրված էին Աբխազիայի օտարերկրյա գործընկերները, որոնց  թվում  են եղել Լեռնային Ղարաբաղից հյուրերը:

«Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը հայտնի է Բաքվին: Այս դիրքորոշումը երբեք չի ենթադրել հրաժարվել մասնակցել կոնկրետ միջազգային իրադարձություններին, միայն այն պատճառով, որ այնտեղ կարելի է պատահաբար «դեմ առ դեմ» հանդիպել Ղարաբաղի ներկայացուցիչների հետ», - նշել է ԱԳՆ-ն: