Ազգային Ժողովի 3 պատգամավորներ, այդ թվում՝ ԱԺ նախագահի տեղակալ Սամվել Բալասանյանը («Բարգավաճ Հայաստան»), սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, եւ հանրապետական Սուքիաս Ավետիսյանը առաջարկում են փոխել աշխատանքային օրենսգիրքը՝ հնարավորություն տալով գործատուներին որոշ դեպքերում սահմանել 6-օրյա աշխատանքային գրաֆիկ։

Գործող օրենսդրությամբ՝ աշխատողների համար սահմանվում է հնգօրյա աշխատանքային շաբաթ` երկու հանգստյան օրով: Այն գործատուները, որոնք սահմանում են աշխատանքի հաճախման 6-օրյա գրաֆիկ (օրինակ՝ խանութները), պարտավոր են վճարել հավելավճարներ։ Պատգամավորներն առաջարկել են այնպես անել, որ գործատուն կարողանա ինքնուրուն բաշխել աշխատաժամերը, եւ ըստ ցանկության՝ սահմանել 6-օրյա աշխատանքային գրաֆիկ։

Բարեբախտաբար՝ կառավարությունում այս առաջարկը մասնակի է ընդունվել։ Հավանություն է տրվել հետեւյալ փոխզիջումային տարբերակին՝ վեցօրյա աշխատանքային շաբաթ սահմանվում է միայն այն կազմակերպություններում, որտեղ անհնար է հնգօրյա աշխատանքային շաբաթի կիրառումը։ Այդպիսիք կարող են լինել կապի, էներգետիկայի, առողջապահության, գազամատակարարման եւ նման բնույթի այլ կազմակերպություններ։

Կառավարությունն այսօր՝ հունվարի 20-ին հավանություն տվեց Աշխատանքային օրենսգիրքը փոխելու վերը նշված խմբագրված տարբերակին, որն ուղարկվեց Ազգային Ժողով։