Հայաստանի իշխանություններն այնքան են զարգացրել ընտրակեղծիքների մեխանիզմը, որ կարող են առանց ցնցումների կրկին վերարտադրվել։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հունվարի 20-ին հայտարարեց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, նախկին ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը։ Նա նշեց, որ Հայաստանում որեւէ նորմալ ընտրություններ տեղի չեն ունեցել, եւ գալիք ընտրություններն էլ, լինեն հեթական, թե արտահերթ, անցկացվելու են նույն տամաբանությամբ։
Սեֆիլյանի խոսքով՝ ընդդիմությունը չպետք է մասնակցի այդ՝ «ռազմական օպերացիա» հիշեցնող միջոցառմանը։ «Երկրում օր օրի քչանում է բնակչության թիվը, մեծանում է ընտրություններին մասնակցել չցանկացողների բանակը եւ այդ պայմաններում իշխանությունների համար նպաստավոր վիճակ է ստեղծվում՝ իշխանությունների վերարտադրման համար»,-հայտարարեց «Սարդարապատ» շարժման անդամը։
«Գիտակցաբար գնալ մի գործընթացի եւ ժողովրդին տանել պարտության, դու դառնում ես նույնքան մեղսակից, որքան իշխանությունը, որը մեղքեր է գործել ժողովրդի նկատմամբ»,-հայտարարեց բանախոսը։
Նա միաժամանակ հավելեց, որ շատ կափսոսար, եթե ՀԱԿ-ը, «Ժառանգությունը», ինչպես նաեւ Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը չլսեն իր հորդորներն ու մասնակցեն ընտրություններին։





























