Հայաստանի կառավարությունն այսօր՝ հունվարի 20-ին ընդունեց սննդամթերքի հիգիենայի նոր կանոնակարգը։ Ներկայումս հանրապետությունում սննդամթերքի հիգիենայի պահանջները սահմանվում են առողջապահության նախարարի հրամաններով հաստատված ոլորտային բազմաթիվ ՍանՊիՆ-ներով, որոնք Խորհրդային Միության տարիներին գործողության մեջ դրված փաստաթղթերի թարգմանություններ են։ Դրանք կարիք ունեն վերանայման ու Եվրամիության կողմից ընդունված չափանիշներին համապատասխանեցման:
Սույն որոշմամբ՝ սննդամթերքի անվտանգության պատասխանատուն այսուհետ լինելու է ոչ թե առողջապահության, այլ գյուղատնտեսության նախարարությունը։
Վերջինիս ներկայացրած տեղեկանքի համաձայն՝ ՀՀ կառավարության որոշումը հնարավորություն է ստեղծում սննդամթերքի անվտանգության ոլորտի օրենսդրական դաշտը հնարավորինս համապատասխանեցնել Եվրամիությունում ընդունված պահանջներին, ինչը կարեւոր է ե՜ւ ներքին շուկայի, ե՜ւ արտահանումը խրախուսելու համար:




























