Մարտի 10-ին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում նախատեսված է հայ-ռումինական Միջկառավարական հանձնաժողովի 3-րդ նիստի գումարումը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նիստի օրակարգում ընդգրկված են առեւտրի, արդյունաբերության եւ էներգետիկայի, ճանապարհային եւ երկաթուղային տրանսպորտի, գյուղատնտեսության, փոքր եւ միջին ձեռնարկությունների, ինչպես նաեւ տուրիզմի ոլորտներում համագործակցության զարգացման հարցեր: Հենց այդ հարցերն են քննարկվել հունվարի 18-ին Բուխարեստում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանի եւ Ռումինիայի տրանսպորտի եւ ենթակառույցների նախարար տիկին Անկա Բոաջիուի հանդիպման ժամանակ: Վերջինս ռումինական կողմից գլխավորում է հայ-ռումինական առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը:

Նախատեսվում է նաեւ Միջկառավարական նիստին զուգահեռ Բուխարեստում կազմակերպել հայ-ռումինական գործարար ֆորում` երկու կողմերի առեւտրատնտեսական հաստատությունների եւ գործարար շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Հայկական պատվիրակությունը կգլխավորի ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար, Միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մանուկ Վարդանյանը:

Նույն օրը դեսպան Գասպարյանը հանդիպել էր նաեւ Ռումինիայի ԱԳՆ եվրոպական հարցերով պետքարտուղար Բոգդան Աուրեսկուի (Bogdan Lucian Aurescu) հետ: Զրույցի ընթացքում շոշափվել էին հայ-ռումինական երկկողմ, ինչպես նաեւ ԵՄ, մասնավորապես Արեւելյան գործընկերության նախաձեռնության, ինչպես նաեւ Հյուսիսանտլանտյան դաշինքի եւ Սեւծովյան տնտեսական համագործակցության շրջանակներում հարաբերությունների խորացման հարցեր: