Տիգրան Կարապետյանն առայժմ հայ ժողովրդի առաջնորդը չէ, սակայն նա, ինչպես Մինինն ու Պոժարսկին, ժողովրդի քաղաքական կամքի արտահայտման դետոնատորի եւ կատալիզատորի դեր է խաղացել: Տիգրան Կարապետյանի հասցեին նման գովասանքներ է շռայլել Հայաստանի Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը՝ հավելելով, որ եթե հիվանդանոցում չլիներ, կմիանար հանրահավաքին:

«Արդեն 20 տարի իշխանությունն իր անգրագետ քաղաքականությամբ կենսաբանորեն սպառնալիքի տակ է դրել ազգի գոյությունը»,- հայտարարել է Հակոբյանը: Նրա խոսքով, Տիգրան Կարապետյանը, «տիրապետելով նման մարդկային ռեսուրսների», սակայն սխալ է գործել: «Վերջնագիր ներկայացնելն ու իշխանություններին  մեկ ամիս ժամանակ տալն արդեն քաղաքական խաղեր են: Ինչ իմաստ ունի նրանց մեկ ամիս տալը: Նրանք, ի՞նչ է, մեկ ամսում կփոխե՞ն երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը: Երկրում իրավիճակը շտկելու համար անհրաժեշտ է մայիսին խորհրդարանական ընտրություններ անցկացնել: Պետք է ցրել գործող խորհրդարանն ու կառավարությունը: Նախագահական ինստիտուտն էլ թող մնա, որպես կայունացնող գործոն»,- ասել է Հակոբյանը:

«Ազգը սպառնալիքի տակ է, հայեր, միավորվեք: Ինձ զզվեցրել է «ընդդիմություն» բռնաբարված բառը: Ուժը միասնության մեջ է եւ մեզ ընդդիմություն պետք չէ: Եթե ինչ-որ քաղաքական ուժ մեզ չմիանա, նշանակում է՝ նրանք ժողովրդի թշնամիներ են, որոնք ընդդիմության անվան տակ քաղաքական մարմնավաճառությամբ են զբաղվում»,- ազդարարել է Դավիթ Հակոբյանը: