Ֆրանսիայի Վերին Լուարայի պրեֆեկտուրան հունվարի 19-ին հայտարարել է հունվարի սկզբին դպրոցից ձերբակալված 6-ամյա Վազգեն Ասրիյանի եւ նրա հոր՝ Դավիթ Ասրիյանի ազատ արձակման մասին՝ ազատումը պատճառաբանելով «բժշկական պատճառներով», գրում է Nouvelles d`Arménie-ն:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Ֆրանսիայի դպրոցներից մեկում ձերբակալվել էր 2007-ին այդտեղ սովորող 6-ամյա մի հայ երեխա եւ տեղափոխվել մեկուսարան: Հունվարի 11-ին ժամը 15:30-ին ժանդարմները եկել էին դպրոց, որպեսզի ձերբակալեն 6-ամյա Վազգեն Ասրյանին եւ տանեն մեկուսարան, որտեղ գտնվում է նրա ապօրինի ներգաղթյալ հայրը:

«Քաղաքացիական հագուստով մարդիկ վերցրել են երեխային դպրոցի հենց միջանցքից. Տնօրինությունն արդեն տեղեկացված է եղել»,- ասել էին դպրոցում, որտեղ երեխան սովորում էր:

Երեխայի հայրը՝ Դավիթ Ասրյանը կալանավորվել էր հունվարի 6-ի գիշերը՝ դիզելային վառելիք գողանալու համար: «Ժանդարմները հայտնաբերել էին, որ նա փաստաթղթեր չունի եւ նախազգուշացրել պրեֆեկտին»,- հայտնել է «Կրթություն առանց սահմանների» (RESF) ցանցի ներկայացուցիչը, հավելելով, որ տղամարդու 20-ամյա ընկերուհին նույնպես կալանավորվել է:

Երեխայի հայրը ապրել է Ռուսաստանում, որտեղից 2007-ին ժամանել է Ֆրանսիա՝ «փախչելով քաղաքական հետապնդումից»: Նրան մերժել են քաղաքական ապաստան տրամադրել, իսկ աշնանը նրան հայտնել են, որ պետք է լքի Ֆրանսիայի տարածքը: Ի դեպ, Դավիթ Ազրիյանը ժամանակին ֆուտբոլիստ է եղել:

Դատարանը Դավիթ Ասրյանին 15 օրով կալանելու որոշում էր կայացրել: Հարյուրավոր մարդիկ, ասիցիացիաների ու արհմիությունների անդամներ, աշակերտների ծնողներ հունվարի 11-ին դպրոցի մոտ բողոքի հանրահավաք էին անցկացրել: