Ուկրայինայի Առաջին ազգային ալիքի եթերում չի ցուցադրվել ֆիլմ՝ նվիրված 1990 թվականի հունվարի 20-ին Բաքվում կատարված իրադարձություններին:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Ուկրաինայի Առաջին ազգային ալիքի ծրագրերի տնօրեն Ալեքսանդր Զորկոն:
«Ես, որպես ծրագրերի տնօրեն, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում մեր հեռուստաընկերության եթերում այդպիսի ֆիլմ առանձին հաղորդմամբ եթեր չի գնացել»,-նշեց Զորկոն:
Պատասխանելով թղթակցի հարցին, թե այդ դեպքում ի՞նչպես է պատահել, որ նախօրեին Կիեւում Ադրբեջանի դեսպանատանը կազմակերպված միջոցառմանը մասնակցել է ոմն Անդրեյ Օխրիմովիչը, ում ադրբեջանական լրատվամիջոցները ներկայացրել են որպես «Ուկրաինայի ազգային հեռուստաընկերության առաջատար լրագրող», Զորկոն պատասխանել է. «Անդրեյ Օխրոմովիչն արդեն մեկ տարի է մեր հեռուստաընկերության աշխատակիցը չէ: Եթե չեմ սխալվում, նա անցած տարվա մարտ ամսին լքել է մեր հեռուստաընկերությունը»:
Նշենք, որ հունվարի 19-ին ադրբեջանական պետական հեռուստաընկերության` Aztv-ի «Հեբերլար» լրատվական հաղորդումով բազմիցս ցուցադրվել է Կիեւից ուղարկված մի տեսանյութ, որում լուսաբանվում էր սգո մի միջոցառում «Վերածնված Մուբարիզ» խորագրով: Այն տեղի է ունեցել Կիեւում Արդբեջանի դեսպանատանը եւ նվիրված է եղել սովետական զորքերի Բաքու ներխուժմանը, որի նպատակը Բաքվում հայերի զանգվածային ջարդերը դադարեցնելն է եղել: Տեսանյութում նշվում է, որ Ուկրաինայի ազգային հեռուստաընկերությունը «Aztv»-ի հետ միասին պատրաստել եւ ցուցադրել է ֆիլմ «Ադրբեջանի ժողովրդի նկատմամբ իրականացված ահաբեկչության, 1990 թվականի հունվարի 20-ի գիշերը Բաքու զորքերի ներխուժման» մասին: Ֆիլմը, իբրեւ թե նվիրված էր այդ իրադարձությունների հերթական տարելիցին:
Միջոցառմանը քննադատական ճառով ելույթ է ունեցել ոմն Անդրեյ Օխրիմովիչը, ով իբրեւ թե «Ուկրաինայի ազգային հեռուստաընկերության առաջատար լրագրողն է»:





























