Եվրամիությունը, իհարկե, լիովին աջակցում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բոլոր երեք սկզբունքները՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունք, տարածքային ամբողջականություն եւ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառում: Այդ մասին NEWS.am-ին հայտնել է Եվրահանձնաժողովի մամուլի քարտուղար Մայքլ Կարնիտշնիգը (Michael Karnitschnig):

«Մենք նաեւ լիովին աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեռնարկած ջանքերին եւ պատրաստ ենք աջակցել հակամարտության կարգավորմանը»,- ասված է հայտարարության մեջ:

Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցներից մեկում տեղադրվել էր Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուի` Բաքվի պետական համալսարանում ունեցած ելույթի տեսագրությունը, որում եվրոպացի պաշտոնյան ասել էր, թե «Եվրոպական Միությունը լիովին աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու այլ համաձայնեցված սկզբունքները, նաեւ ԵԱՀԿ Մինսկի ջանքերին, մենք պատրաստ ենք ոչ միայն քաղաքական օգնություն ցուցաբերել, այլեւ օգնություն ցուցաբերել վերականգնողական աշխատանքներում, երբ հակամարտությունը կարգավորվի»:

Չգիտես ինչու ադրբեջանցի լրագրողները որոշել են, որ այլ սկզբունքների տակ չեն հասկացվում ղարաբաղյան հակամարտության մյուս հիմնարար սկզբունքները: