Դերասան Սերգեյ Դանիելյանը (Յոժ) հրաժարվել է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ -ի դեմ իր հայցից։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում  այս մասին  հայտարարեց դերասանի փաստաբան Լեւոն Սահակյանը։

Նա, թեեւ դժվարացավ ասել, թե ինչն է դերասանի նման որոշման պատճառ հանդիսացել, սակայն նշեց, որ Դանիելյանը «գոհ է մնացել»։ Թե հատկապես ինչի՞ց է գոհ մնացել դերասանը, փորձեցինք պարզել հենց իրենից:

«ՀԿԵ-ն լիովին կատարել է իմ կողմից ներկայացված պահանջները եւ ես գոհ եմ ընկերությունից»,- հայտարարեց նա: Դիտարկմանը, թե ինքը «Հարավկովկասյան երկաթուղիներից» հրապարակային ներողություն  եւ դրամական  փոխհատուցում էր պահանջում, որոնցից առաջինը, գոնե, չի եղել, նա ասաց. «Այո, դրամական փոխհատուցում էի պահանջում, բայց ամենակարեւորն այն  է, որ հրապարակային  ներողության եւ բարոյական հատուցման օրենք Հայաստանում չկա, ինձանից ուղղակի վախեցան եւ որպեսզի դա նախադեպ չլինի, կոպիտ ասած՝ բերանս փակեցին»:

Հարցին, թե որքա՞ն է կազմել ընկերության կողմից իրեն վճարված դրամական փոխհատուցման չափը, Սերգեյ Դանիելյանը պատասխանեց. «Դա կարեւոր չէ. Ես ընդամենը 40 հազար դրամի հայտ էի ներկայացրել։ Համենայն դեպս, ինչքան որ տվեցին, գոհ եղա։ Պարզապես չեմ ուզում խոսել դրա մասին։ Կարեւորը դա չէ։ Մենք չունենք բարոյական հատուցման օրենք։  Ամենասկզբից, երբ ես սկսեցի այս գործընթացը, բարոյական հատուցում էի պահանջում, բայց պարզվեց, որ Հայաստանում  նման օրենք չկա»։

Դերասանը նաեւ կտրականապես հերքեց նախկինում «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության ներկայացուցչի հայտարարությունը, թե ինքը այս դատական գործընթացով PR-ի խնդիր է լուծում: «Ես PR-ի կարիք չունեմ, ոչ այն տարիքում եմ, ոչ էլ այն կարգավիճակում, որ դրա կարիքն ունենամ։ Ես ամեն օր հեռուստաէկրաններին եմ»,- նկատեց դերասանը։

Իսկ ահա «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վահե Դավթյանը կտրականապես հերքում է, թե Ս. Դանիելյանին դրամական հատուցում է վճարվել։ «Ո՛չ, ո՛չ դրամական փոխհատուցման մասին խոսք գնալ չի կարող։ Իմ տեղեկությամբ կնքվել է համաձայնագիր, որի հիման վրա ո՛չ մեր ընկերությունը, ո՛չ Սերգեյ Դանիելյանը միմյանց նկատմամբ պահանջներ չունեն»,- փորձեց համոզել նա։ Սակայն  երբ ասացինք, որ դերասանը մեզ հետ զրույցում նշել է դրամական փոխհատուցման մասին, Դավթյանը շփոթվեց եւ խնդրեց մի երկու րոպե ժամանակ տալ իրեն՝ գումարի չափը ճշտելու համար։ 3-4 րոպե անց նա կրկին հավաստիացրեց, որ ՀԿԵ հասարակայնության հետ կապերի բաժինը տեղյակ չէ դրամական փոխհատուցման մասին։ «Ավելին, կարող եմ պաշտոնապես ասել, որ մեր կողմից որեւէ դրամական փոխհատուցում չի եղել»,- ամփոփեց նա։

Հարց է ծագում՝ ո՞ւմ հավատալ. դերասան Սերգեյ Դանիելյանի՞ն, ով ասում է, թե «ինչքան որ տվեցին, գոհ եղա», թե՞ ընկերությանը, որտեղ «պաշտոնապես» հայտարարում են, որ իրենց կողմից որեւէ դրամական փոխհատուցում չի եղել։ Դատեք ինքներդ։

Նշենք, որ դերասան Սերգեյ Դանիելյանը ամռանը գնացքով Քոբուլեթի մեկնելու ժամանակ իրեն պատճառված անհարմարությունների համար դատի էր տվել «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ին՝ ակնկալելով ինչպես նյութական  փոխհատուցում, այնպես էլ հրապարակային ներողություն ստանալ ընկերությունից: ՀԿԵ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վահե Դավթյանն իր հերթին հայտարարել էր, որ Դանիելյանի այս քայլը որոշակի PR նպատակներ է հետապնդում, եւ որ ընկերությունը դերասանից հրապարակային ներողություն չի խնդրի, քանի որ իրենք գործելու են իրավաբանական  դաշտում եւ այն որոշման շրջանակներում, որը կկայացնի դատարանը։