Թերթն անդրադարձել է արդարադատության երկու փոխնախարարների՝ Նիկոլայ Առուստամյանի եւ Գեւորգ Մալխասյանի պաշտոնանկությանը։ Ինչպես հայտնի է՝ Նիկոլայ Առուստամյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից, իսկ Գեւորգ Մալխասյանն, ըստ թերթի, թեեւ աշխատանքից ազատվելու դիմում է գրել, սակայն նրա պաշտոնանկության մասին դեռեւս պաշտոնապես չի հայտարարվում։
Ըստ ՀԺ-ի՝ արդարադատության նորանշանակ նախարար Հրայր Թովմասյանը Մալխասյանին հայտնել է, որ իրեն չեն կարող միասին աշխատել եւ նրան այլ աշխատանք է առաջարկել՝ «Կառավարության պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ տնօրեն։ Մալխասյանը, սակայն, հրաժարվել է այդ աշխատանքից եւ ազատման դիմում գրել։ Երեկվանից նա արդեն արդարադատության փոխնախարար չէ։ «Ուշագրավ է, որ դեռ անցյալ շաբաթ, երբ գրել էինք, թե արդարադատության նախարարը սեւ ցուցակ ունի եւ պատրաստվում է կադրային ջարդ իրականացնել, նախարարությունից հերքել էին դա»,-նկատում է թերթը։





























