Հունվարի 24-ին մեկնարկում է ԵԽ խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը։ Թերթի հավաստի տեղեկություններով, ԵԽԽՎ բոլոր հինգ խմբակցություներում (EPP/CD, SOC, ALDE, EDG, UEL) գումարվելու են բյուրոյի նիստեր, որտեղ քննարկվելու են ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի գործունեության վերաբերյալ անցած տարեվերջին «Ժամանակ» օրաթերթում տպագրված հոդվածի մանրամասները։ Խմբակցություններում կայանալիք քննարկումների արդյունքում կկայացվեն համապատասխան եզրակացություններ, որոնք կներկայացվեն ԵԽԽՎ նախագահությանը։ «Հոդվածի ուսումնասիրությունից հետո՝ այսօր արդեն, կասկածի տակ է Դավիթ Հարությունյանի՝ Սերբիայի Հանրապետությունում ԵԽԽՎ համազեկուցողի պաշտոնում աշխատելու նպատակահարմարությունը»,-տեղեկացնում է «Ժամանակ»-ը։
Թերթն իր հոդվածաշարում անդրադարձել էր Դ.Հարությունյանի բիզնես գործունեությանը՝ գրելով. «Իր միջազգային կապերն ու իրավական գիտելիքներն այդ անձնավորությունը ծառայեցնում է ոչ թե Հայաստան պետությանը, այլ դրանք վաճառում է իշխանություններին` «ծառայություններ վարձի դիմաց» սկզբունքով: Իսկ իր ծառայությունների դիմաց ստացած վարձը Հարությունյանին մատուցվել է տարբեր ձեւերով`փող, անշարժ գույք, բիզնեսներ: Ու որքան Հարությունյանի մատուցած ծառայությունների շրջանակն ընդլայնվում է, նույնքան էլ ընդլայնվում են վերջինիս ընտանիքին պատկանող բիզնեսները»:





























