Այսօր՝ հունվարի 21-ին, ժամը 12-ի սահմաններում ոստիկանության Աբովյանի բաժին անհայտ անձի կողմից ահազանգ է ստացվել, որ Աբովյանի քաղաքապետարանում ռումբ է դրված եւ քիչ անց պայթելու է:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, իրապավահները տարհանել են քաղաքապետարանի աշխատակիցներին: Քաղաքապետարան են ժամանել Աբովյանի քաղաքապետ Կարո Գուլոյանը, արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Կոտայքի մարզային վարչության, ոստիկանությունը, 1-03 ծառայության աշխատակիցները, Աբովյան քաղաքի հրշեջ-փրկարարական խումբը: Քաղաքապետարանի տարածքը շրջափակել են ժապավեններով: Կողմնակի մարդկանց մուտքն արգելվել է: Որոնողական աշխատանքները ղեկավարում է մարզի փրկարարական վարչության պետ Գեղամ Գրիգորյանը:
Պայթուցիկ սարքի որոնողական աշխատանքների արդյունքում Աբովյանի քաղաքապետարանի շենքում ռումբ չի հայտնաբերվել: Փոխարենն ահազանգ է ստացվել, որ ռումբեր են տեղակայված Աբովյանի դատախազության շենքում, որտեղ գտնվում են նաեւ Կադաստրի բաժինն ու Կոտայքի մարզպետարանի ներկայացուցչությունը: Նույն խումբը մեկնել է նաեւ այդ հասցեով: Ազգային անվտանգության աշխատակիցներն ու փրկարարները տարհանել են շենքում գտնվող անձանց: Ներկայումս այդ շենքերում որոնողական աշխատանքներ են ընթանում եւ պարզում են՝ արդյոք այս ահազանգները նույնպես կե՞ղծ են, թե՝ ոչ:







Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի





























