Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը դեռեւս պաշտոնապես չի առաջարկվել «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Շուշան Դոյդոյանին։ Մինչդեռ, ըստ «Առավոտ» օրաթերթի, Ազգային ժողովը մտադիր է ՄԻՊ թեկնածու առաջադրել հենց նրան։

«Նման խոսակցություններ իրոք կան։ Այդ խոսակցություններն ինձ հասել են Ազգային ժողովից։ Բայց ինձ  պաշտոնապես նման առաջարկ չի արվել»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շուշան Դոյդոյանը։ Հարցին, թե՝ եթե նման առաջարկ լինի, արդյոք կընդունե՞ք՝  Դոյդոյանը պատասխանեց, թե չի ուզում խոսել մի բանի մասին, որը պաշտոնապես դեռեւս չի արվել. «Երբ պաշտոնական առաջարկ արվի, ես կմտածեմ այդ մասին։ ՄԻՊ պաշտոնն իսկապես շատ պատասխանատու եւ դժվար գործ է։ Սակայն հիմա վաղ է որեւէ բան ասելը»։

Շուշան Դոյդոյանը նաեւ ԵՊՀ դասախոս է՝ դասավանդում է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ Ունի բանասիրական եւ իրավաբանական կրթություն։  

Նշենք, որ Հայաստանի մարդու իրավունքների ներկայիս պաշտպան Արմեն Հարությունյանը առաջիկայում հրաժարական է տալու, քանի որ նշանակվելու է Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցիչ։ Նա ՄԻՊ պարտականությունների կատարմանն է անցել 2006 թ. փետրվարի 20-ից: