Առայժմ վաղ է կանխատեսել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի՝ Հայաստան կատարելիք այցի իրական նպատակներն ու արդյունքները, սակայն հանդիպման օրակարգում հատուկ ուշադրություն է դարձվելու առեւտրա-տնտեսական, ավելի ճիշտ տարանցային եւ հաղորդակցության խնդիրներին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հանրապետական խմբակցության պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության ղեկավար Շիրակ Թորոսյանը՝ մեկնաբանելով Վրաստանի նախագահի առաջիկա այցը:
Թորոսյանն ընդգծել է Վրաստանի ղեկավարի ուշադրությունը Ջավախքի հայ բնակչությանը հուզող խնդիրների վրա բեւեռելու խնդրին: «Առանց Ջավախքի հայերի արդի խնդիրների լուծման Հայաստանի եւ Վրաստանի միջեւ իրական բարեկամություն լինել չի կարող»,- հավաստիացրել է պատգամավորը: Նա շեշտել է, որ, իհարկե, բոլոր խնդիրները հնարավոր չէ լուծել մեկ օրում, առավել եւս, որ Վրաստանի քաղաքական ղեկավարությունն այդ ուղղությամբ քաղաքական կամք չի ցուցաբերում:
«Սակայն Երեւանը մշտապես պետք է բարձրաձայնի այդ խնդիրները եւ հասնի լուծման»,- նշել է Թորոսյանը՝ հավաստիացնելով, որ Ջավախքի հայերի խնդիրները վաղ թե ուշ լուծվելու են, այլընտրանք չկա:
Նշենք, որ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Հայաստան է ժամանելու հունվարի 22-ին՝ երկօրյա պաշտոնական այցով: Երկու երկրների ղեկավարների հանդիպման պաշտոնական օրակարգն առայժմ չի հաղորդվում:




























