Վերջին ժամանակներս Ադրբեջանը ակտիվացրել է այլ պետությունների քաղաքացիների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն /ԼՂՀ/ այցի նպատակահարմարությունը կասկածի տակ դնելու ջանքերը:
Այս մասին ասված է ԼՂՀ ԱԳ նախարարության տարածած հայտարարության մեջ:
«ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը փաստում է պաշտոնական Բաքվի հերթական ապակառուցողական նախաձեռնությունը: Ադրբեջանի ղեկավարության փորձերը` միջամտելու հարեւան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շահերին դիպչող գործընթացներին անհիմն են եւ պետք է դիտվեն որպես մեր երկրի հանդեպ թշնամանքի հերթական դրսեւորում:
Երկու տասնամյակ շարունակ ԼՂՀ-ն զարգանում է որպես անկախ, ժողովրդավարական հանրապետություն, որն ի վիճակի է պաշտպանել իր ինքնիշխանությունը եւ ապահովել իր քաղաքացիների` բոլոր ժողովրդավարություններին հատուկ ընդհանուր իրավունքներն ու ազատությունները:
Անկախության տարիների ընթացքում երկիր են այցելել տասնյակ հազարավոր հյուրեր քաղաքակիրթ աշխարհի երկրների մեծ մասից:
Հանրապետությունում մշտապես գործում են միջազգային, այդ թվում նաեւ ոչ կառավարական կազմակերպությունների, բիզնես-ձեռնարկությունների ներկայացուցչություններ: Ամեն տարի ԼՂՀ ԱԳՆ-ն արձանագրում է զբոսաշրջիկների թվի` միջինը 15-տոկոս աճ, ինչը վկայում է ղարաբաղյան ֆենոմենի հանդեպ միջազգային հանրության անկեղծ եւ աճող հետաքրքրության մասին:
Ցավոք, ԼՂՀ պետականության ամրապնդման ցանկացած վկայություն Բաքվի մոտ անհամարժեք արձագանք է առաջացնում, ինչի արդյունքում ադրբեջանական իշխանությունները հաճախ դիմում են պետական շանտաժի եւ այլ բնորոշ գործողությունների, որոնք հակասում են միջազգային իրավական եւ բարոյական նորմերի ժամանակակից համակարգին:
Վերջին նախաձեռնությունը Բաքվի կողմից ոտնձգություն էր Ղարաբաղի ժողովրդի շահերի նկատմամբ, ինչը խոչընդոտում է ԱՀ եւ ԼՂՀ միջեւ փոխվստահության ձեւավորմանը, որն էլ իր հերթին անհրաժեշտ պայման է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության արդյունավետ կարգավորման համար:
Ադրբեջանի ղեկավարությունը պետք է հրաժարվի ապակառուցողական քայլերից եւ իր քաղաքական կապիտալն ուղղի Հարավային Կովկասում փոխադարձ ընդունելի խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված բանակցություններին` հաշվի առնելով առկա իրողությունները»,- ասված է ԼՂՀ ԱԳՆ հայտարարության մեջ:





























