Այսօր՝ հունվարի 21-ին Չարենցավան քաղաքի զինվորական կոմիսարիատ են այցելել պաշտպանության նախարարության զինվորական դատախազության աշխատակիցները:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հունվարի 20-ին ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները զինկոմիսարիատի բակում քաղաքացուց կաշառք պահանջելու եւ ստանալու պահին ձերբակալել են զիկոմիսարիատի զորահավաքային բաժանմունքի հաշվառման գծով տեսուչ Սասուն Աշոտի Սարգսյանին: Վերջինս քաղաքացուց 60 հազար դրամ կաշառք է վերցրել, որպեսզի այն փոխանցի զինկոմիսարիատի աշխատակցի, որը պետք է ինչ-որ գործարք կատարեր այդ գումարի դիմաց:

Զինկոմիսարիատում հավաքված մարդկանց զրույցից հայտնի դարձավ, որ նա կաշառքն ստացել է, որպեսզի քաղաքացուն հաշվառման կանգնեցնի: Քաղաքացին նոր է ազատվել կալանավայրից, եւ անձնագիր ստանալու համար, ըստ կարգի, պետք է հաշվառում անցնի:

Կաշառքը պահանջել էր ոչ թե ձերբակալվածը, այլ զինկոմիսարիատի արխիվի աշխատակիցը՝ Սերոբ Սաշիկի Գրիգորյանը: Սասուն Սարգսյանն արդեն խոստովանել է, որ գումարը վերցրել է արխիվի աշխատակցի ցուցումով:

Քաղաքացին, ումից պահանջել եւ ստացել են կաշառքը, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի բնակիչ Հմայակ Աթայանն է:

Ստեղծված նյութերը ոստիկանությունից ուղարկվել են զինվորական դատախազություն: Հայտնի է դարձել, որ կաշառք ստացողն ու դրդողը ստորագրությամբ ազատ են արձակվել:

 

 

 

 

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի