Եթե զգանք, որ այսպես այլեւս հնարավոր չէ առաջ գնալ, պետք է գնանք արտահերթ ընտրությունների: Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, Ապարանում, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար  Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությանն ու հնարավորությանը: 

«Արտահերթ ընտրությունների, եթե զուտ իրավական հարթությունում ենք նայում, ապա դրա  իրավասությունը վստահաբար փոքրամասնությանը չի: Ինչ վերաբերում է քաղաքական իրավիճակով պայմանավորված, եթե Կառավարության ծրագրերը հաջողությամբ առաջ են գնում, նաեւ այդ իրավիճակում կարող է եւ չառաջանա այդ հիմքը, բայց եթե հասարակության տրամադրվածությունը այնուամենայնիվ որոշենք փաստել այս վիճակում, ապա դա ենթարդրում է նաեւ լուրջ փոփոխություններ ընտրական օրենսդրության, ընտրական համակարգերի  մեջ:

Ես ավելի շուտ չեմ տեսնում արտահերթ ընտրությունների հավանականություն: Հարկ է աշխատել, հարկ է առաջ տանել գաղափարները, երբ որ կզգանք, որ անհնար է առաջ գնալը , այդ ժամանակ կարելի է նաեւ արտահերթ ընտրությունների գնալ»,-ասաց նա:

Արծվիկ Մինասյանը վստահություն հայտնեց, որ խորհրդարանում եղած ուժերը նպաստելու են նոր Կառավարությանը ծրագրերի իրականացմանը:

«Ես համոզված եմ, որ  Հանրապետական խմբակցությունը աջակցելու է մեր բազմաթիվ ծրագրերին, մյուս կողմից իրենք հայտարարել են 2 կարեւոր ուղղություն, որով իրենք կարող են որոշակի վերապահումներ  ունենալ՝ անվտանգության եւ մեր պաշտպանության համակարգերի հետ կապված: Ես համոզված եմ, որ մեր Կառավարությունը երբվեք ավելի վատ վիճակի առաջ չի կանգնեցնի երկիրը, քան այն, ինչ այսօր մենք ունենք որպես դե ֆակտո, ավելին ավելի լավանալու է վիճակը եւ դրանում օգնելու են բոլոր քաղաքական ուժերը, որոնք, որ ներկայացված են»,- ասաց նա: