Շվեյցարիայի քաղաքացի Վերներ Ցիմմերմանը Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանը մտադիր է տրակտորով գալ: Այս մասին նա հայտնել է  «Luzerner Zeitung»-ին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ցիմմերմանը պատմել է, որ գաղափարը իր մոտ առաջացել է, երբ ընկերոջ հետ  Շվեյցարիա-Հյուսիսային Իռլանդիա ընտրական խաղն էր դիտում: Գաղափարն ավելի իրատեսկան է դարձել, երբ նրանք պարզել են, որ առաջնության ժամանակ իրենց թիմը Կալինինգրադում է խաղալու, «ուր հասնելու համար պետք է ընդամենը 1800 կմ անցնել»:

Տղամարդը եւ նրա երկու ընկերները տրակտորով մտադիր են Վիցնաուից Կալինինգրադ հասնել: Նրանց հաշվարկներով՝ ուղեւորությունը 2 շաբաթ կտեւի եւ հունիսի 22-ին նրանք կկարողանան շվեյցարական թիմին երկրպագել, որը Սերբիայի դեմ կխաղա:

Ֆուտբոլի աշխարհի գավաթը առաջին անգամ Ռուսաստանում տեղի կունենա հունիսի 14-ից հուլիսի 15-ը: Հանդիպումները կանցկացվեն 11 քաղաքներում` Մոսկվայում, Կալինինգրադում, Սանկտ Պետերբուրգում, Վոլգոգրադում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սամարայում, Սարանսկում, Ռոստովում, Սոչիում եւ Եկատերինբուրգում: Առաջնությունում շվեյցարական թիմը կխաղա Е խմբում՝ Բրազիլիայի, Կոստա Ռիկայի եւ Սերբիայի թիմերի հետ: