Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ ) Հայաստանի վատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն այսօր՝ հունվարի 21-ին մեկնել է Ստրասբուրգ, իսկ պատվիրակության մյուս անդամները Ստրասբուրգ կմեկնեն հունվարի 23-ին:

Հունվարի 24-ին Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը: Ավելի վաղ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը NEWS.am-ին հայտնել էր, որ անմիջապես Հայաստանին վերաբերող հարցեր չկան ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգում:

«Անձամբ ես մտադիր եմ ելույթ ունենալ երեք հարցերով՝ Եվրոպայի Խորհրդի կառուցվածքի բարեփոխումների, ներգաղթի խնդիրների եւ ԵԽ անդամ-պետությունների միջեւ ռազմական հանցագործների փոխանակման խնդիրների հարցերով»,- հաղորդել է Զոհրաբյանը:

Նա նշել է նաեւ, որ հունվարից ԵՄ նախարարների կոմիտեի նախագահությունն անցնում է Թուրքիային: «Կառույցն ընթացիկ տարվանից գլխավորելու է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանին նախատեսվում են Դավութօղլուի եւ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի ելույթները, նրանք ներկայացնելու են ԵԽ Նախարարների կոմիտեի կառավարման իրենց տեսլականը Թուրքիայի նախագահության ընթացքում»,- ասել է Զոհրաբյանը եւ հավելել, որ մտադիր է հայ ժողովրդին հուզող մի քանի հարցեր հղել ինչպես Թուրքիայի նախագահին, այնպես էլ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին: