Խոշոր նավային փոխադրումներով զբաղվող ընկերություններն արդեն իսկ սկսել են բեռնափոխադրումների ծավալը դեպի Իրան կրճատել, չնայած նրան, որ Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցներն ուժի մեջ են մտնելու մի քանի ամսից, հայտնում է The Wall Street Journal-ը։
Թերթի տվյալներով՝ աշխարհի երկու խոշորագույն կոնտեյներային ընկերությունները՝ դանիական Maersk Line-ը եւ շվեյցարիական MSC-ն հայտարարել են, որ կրճատում են ընդհանուր նշանակության փոխադրումները։ «Չեմ կարծում, որ ինչ-որ նավափոխադրում իրականացնող ընկերություն կարող է բիզնես իրականացնել, եթե պատժամիջոցներն ամբողջ ուժով սկսեն գործել»,-ասել է Maersk Line-ի գլխավոր տնօրեն Սորեն Սքոուն։
Նոր ամերիկյան պատժամիջոցները բացասական ազդեցություն կգործեն նաեւ տանկերների սեփականատերերի վրա, որոնք արդեն մտածում են իրենց նավերը տարածաշրջանի այլ երկրներ եւս ուղարկելու մասին։ Թերթի փոխանցմամբ եթե Իրանը անհետանա տանկերային փոխադրումների քարտեզներից, ապա դա կնշանակի խոշոր հարված օպերատորներին, որոնք կմնան նավթի արդյունահանման ծավալներով հինգերորդ խոշոր երկրից։ Թեհրանը ապրիլին օրական արտահանել է ռեկորդային 2,6 մլն բարել «սեւ ոսկի» հիմնականում Հնդկաստան, Չինաստան, Հարավային Կորեա եւ Ճապոնիա: Չինաստանի նավասեփականատերերը պատժամիջոցների առնչությամբ ակնկալում են մատակարարումների անկում ավելի քան երկու անգամ ներկա մակարդակի համեմատ։
Ամերիկյան վարչակազմը նավափոխադրումներ իրականացնող ընկերություններին մինչեւ նոյեմբեր ժամանակ է տվել Իրանում բոլոր գործողությունները ավարտելու համար։ Պարբերականը նշում է, որ նոր պատժամիջոցները կազդեն նավային ապահովագրական վճարների, փոխադրողներին տրմադրվող վարկերի եւ իրանական նավերին վառելիքի մատակարարման վրա։





























