Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Թբիլիսիի «Հերոսների» հրապարակ, ծաղկեպսակ դրել հուշակոթողին, այնուհետեւ ուղեւորվել կառավարություն: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի եւ Գիորգի Կվիրիկաշվիլիի առանձնազրույցը, որի ընթացքում Հայաստանի եւ Վրաստանի վարչապետերն անդրադարձել են հայ-վրացական հարաբերությունների օրակարգային հարցերին եւ դրանց զարգացման հեռանկարներին:

Վարչապետերի առանձնազրույցին հաջորդել է երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Վրաստանի վարչապետը ողջունել է հայաստանյան գործընկերներին ու եւս մեկ անգամ շնորհավորել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու եւ Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ: Վրաստանի վարչապետն ընդգծել է, որ իր գլխավորած կառավարությունը պատրաստ է քայլեր ձեռնարկել՝ ընդլայնելու երկու երկրների հարաբերությունները տարբեր ոլորտներում եւ նոր ազդակ հաղորդելու հայ-վրացական կապերին: «Մենք մեծ ուշադրությամբ էինք հետեւում Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձություններին: Մեր բարեկամ հայ ժողովուրդը ցուցաբերեց միասնականություն, ինչի արդյունքում ժողովրդավարական ճանապարհով տեղի ունեցավ իշխանության խաղաղ փոխանցում: Ցանկանում եմ վստահեցնել, որ կանենք ամեն ինչ մեր հարաբերություններին նոր թափ հաղորդելու եւ առկա ողջ ներուժն իրացնելու համար: Ունենք լավ հնարավորություն երկու բարեկամ ժողովուրդների հարաբերությունների նոր փուլը սկսելու համար»,- ասել է Վրաստանի վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ Հայաստանը եւ Վրաստանը պատմական խորը արմատներ ունեն: «Պատահական չէ, որ իմ առաջին օտարերկրյա պաշտոնական այցը կատարում եմ եղբայրական Վրաստան, որի հետ մեզ կապում են հազարամյակների պատմական սերտ առնչությունները, բարեկամությունն ու փոխադարձ հարգանքը: Հավատացած եմ, որ մեր երկու երկրների ու ժողովուրդների միջեւ գոյություն ունեցող ջերմ հարաբերություններով պայմանավորված՝ միջպետական երկխոսությունն ամուր հիմք կստեղծի մեր համագործակցության առավել ամրապնդման համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ Վրաստանի իր գործընկերոջ հետ երկկողմ հարաբերությունների մասին մտածում են միանման: Վարչապետը շնորհավորել է Գիորգի Կվիրիկաշվիլիին Վրաստանի պետական անկախության վերականգնման 100-ամյա հոբելյանի կապակցությամբ եւ անդրադարձել Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրադաձություններին՝ ընդգծելով, որ թավշյա ոչ բռնի իշխանափոխությունը հանդիսանում էր մեր ժողովրդի կամքի դրսեւորումը եւ չունի որեւէ աշխարհաքաղաքական ենթատեքստ:

ՀՀ կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Վրաստանի հետ հարաբերությունների վերընթաց զարգացումը շարունակելու է մնալ Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում: Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ Հայաստանի նոր կառավարությունը շահագրգռված է գործադրել հնարավոր ջանքերը Վրաստանի հետ հարուստ փոխգործակցությանը նոր որակ հաղորդելու ուղղությամբ: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ այս այցի ընթացքում կողմերը կնախանշեն համագործակցության նոր հնարավորությունները եւ ուղղությունները՝ ի շահ երկու պետությունների եւ ժողովուրդների: «Կցանկանայի ընդգծել, որ մենք պատրաստ ենք անկեղծ եւ անկաշկանդ մթնոլորտում քննարկել երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը, ինչը հարիր է երկու հարեւան եւ եղբայրական պետություններին: Վստահ եմ, որ մեր հարաբերություններում շարունակելու ենք առաջնորդվել այն սկզբունքով, որ մեր միջեւ անլուծելի հարցեր չկան»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի եւ Վրաստանի վարչապետերը քննարկել են առեւտրատնտեսական, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, զբոսաշրջության, մշակույթի ոլորտներում հայ-վրացական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել էներգետիկայի ոլորտում համագործակցության մակարդակից եւ կարեւորել տրանսպորտային հաղորդակցության բնագավառում հետագա զարգացման հեռանկարները: Նիկոլ Փաշինյանը եւ Գիորգի Կվիրիկաշվիլին համոզմունք են հայտնել, որ տնտեսական համագործակցությունը կարող է խթանել երկկողմ առեւտրաշրջանառության աճը: Ծրագրերի եւ առեւտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման առումով կարեւորվել է Մեղրիի ազատ տնտեսական գոտին եւ այն որպես երրորդ երկրների շուկաներն ավելի հասանելի դարձնելու հարթակ օգտագործելու հնարավորությունը:

Նիկոլ Փաշինյանը եւ Գիորգի Կվիրիկաշվիլին անդրադարձ են կատարել նաեւ տարածաշրջանային խնդիրներին եւ կարեւորել անվտանգության ու կայունության պահպանումը:

Պատմամշակութային կապերի սերտացման համատեքստում զրուցակիցները կարեւորել են մշակութային հարուստ ժառանգության պահպանումը: Նիկոլ Փաշինյանը Գիորգի Կվիրիկաշվիլիին հրավիրել է Հայաստան: