Երեւանում Կովկասի ինստիտուտում հունվարի 21-ին կայացել է «Լեռնային Ղարաբաղ ուժի եւ թուլության պարադոքս անհամաչափ հակամարտությունում» գրքի շնորհանդեսը: Աշխատության հեղինակները ինստիտուտի աշխատակից Սերգեյ Մինասյանն ու պատմական գիտությունների թեկնածու, Տոմսկի համալսարանի դոցենտ Լարիսա Դերիգլազովան են: Վերջինս անհամաչափ հակամարտությունների եզակի ճանաչված փորձագետներից է:
Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքով, գիրքն իր առջեւ նպատակն է դնում բացահայտել ղարաբաղյան հակամարտության էությունը՝ հակամարտությունների անհամաչափության տեսության տեսանկյունից: «Անցած 20 տարում ղարաբաղյան հակամարտության մասին շատ բան է գրվել, հատորներ են թողարկվել, հարյուրավոր եւ հազարավոր հատորներ, էլ չասած լրագրողական հոդվածների եւ այլ աշխատանքների մասին: Թվում է, էլ ի՞նչ կարելի է գրել այդ մասին: Սակայն առ այսօր ոչ մի անգամ ղարաբաղյան հակամարտության նկատմամբ չի կիրառվել անհամաչափ հակամարտությունների տեսությունը: Տվյալ գրքով մենք չենք կարող փակել թեման, միանշանակ պատասխանել հարցերին, բայց մենք կարող ենք հարցեր դնել եւ ավելի մեծ շրջանակով քննարկում սկսել»,- ասել է Իսկանդարյանը:





























