Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին կոչ է արել անհապաղ պատժել Թեհրանի դպրոցներից մեկի պաշտոնյային, ով մեղադրվում է աշակերտների նկատմամբ սեռական բռնության համար, փոխանցում է Tasnim-ը:

«Արեւմտյան Թեհրանի դպրոցներից մեկում հանցագործության մասին լուրը վիշտ եւ ափսոսանք է առաջացրեց: Տեղին է պատիժ սահմանել դատական նիստից անմիջապես հետո»,- դատական համակարգի ղեկավար Այաթոլլա Սադեք Ամոլի Լարիջանիին ուղղված նամակում գրել է այաթոլլա Խամենեին: Աղբյուրը նշում է, որ տղաների համար մասնավոր դպրոցի տնօրենի տեղակալը ձերբակալվել է  նախօրեին՝ ծնողների կողմից ստացված սեռական ոտնձգությունների մասին բողոքներից հետո:

Լայն տարածված սեռական բռնության մասին ցնցող լուրը մեծ դժգոհություն է առաջացրել իրանցիների շրջանում: Կրթության նախարար Մոհամմադ Բաթայն ասել է, որ դպրոցն այլասեռվածին աշխատանքի է ընդունել պատշաճ ստուգումից հետո: Նա խոստացել է խստացնել դպրոցներում աշխատանքի ընդունման ընթացակարգի վերահսկողությունը: Սկանդալից հետո դպրոցի տնօրենը նույնպես հեռացվել է Իրանի կրթության եւ գիտության նախարարության կողմից: