Լրագրող Արկադի Բաբչենկոն ողջ է։ Նրա «սպանությունը» ուկրաինական հատուկ ծառայությունների հատուկ գործողություններն են եղել։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Գրիցակը։
Նրա խոսքով՝ մայիսի 30-ին Կիեւում Ուկրաինայի անվտանգության ծառայության հատուկ գործողությունների արդյուքնում ձերբակալվել է լրագրող Արկադի Բաբչենկոյի սպանության մեջ կասկածվող անձը։ Ինքն՝ Արկադի Բաբչենկոն ողջ է եւ ներկա է ճեպազրույցին, փոխանցում է «Ֆակտի» պորտալը։
Գրիցակի խոսքով՝ սպանության պատմությունը բեմադրվել էր, որ բացահայտվի Բաբչենկոյի սպանության փորձը, որը իրականում եւս պատրաստվում էր։
«Ես, իհարկե, պետք է հիմա ցավակցություն հայտնեի Արկադի Բաբչենկոյի ընտանիքին, բայց ես դա չեմ անի։ Ես, ընդհակառակը, ցանկանում եմ շնորհավորել նրա ընտանիքին, ձեզ բոլորիդ, ամբողջ աշխարհին, որ հետեւում էին այս գործողություններին եւ ցանկանում եմ շնորհավորել Արկադի Բաբչենկոյին երրորդ ծննդյան օրվա կապակցությամբ»,-ասել է Գրիցակը։
Դրանից հետո Բաբչենկոն հայտնվել է սենյակում։











