Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ որպես պատվո հյուր մասնակցելու Գերագույն հոգեւոր խորհրդի եւ եպիսկոպոսաց դասի տարեկան հանդիպմանը:
Ողջունելով Հանրապետության նախագահին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքում դրվատել է Արմեն Սարգսյանի հավատարմությունը եւ աջակցությունը Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն: Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել Հանրապետության նախագահի դերը ներհայաստանյան իրավիճակի խաղաղ հանգուցալուծման գործում:
Շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ նախագահ Սարգսյանը չափազանց կարեւոր է համարել հայ եկեղեցու դերը հայոց հազարամյա պատմության տարբեր շրջաններում, հատկապես, երբ վերջին հարյուրամյակների պետականության բացակայության պայմաններում կարողացել է պահել մեր ժողովրդի միասնությունը, ինքնությունը, ավանդույթներն ու մշակույթը:
Անդրադառնալով վերջին քաղաքական իրադարձություններին՝ Արմեն Սարգսյանը եւս մեկ անգամ նշել է, որ մեզանում իշխանության փոփոխությունը տեղի է ունեցել խաղաղ եւ քաղաքակիրթ ճանապարհով: Նախագահի խոսքով՝ հետագա փոփոխությունների համար երկար ժամանակ է անհրաժեշտ, հսկայական աշխատանք կա անելու, որպեսզի մեր քաղաքացիները, մեր ժողովրդի զավակները, անկախ իրենց գտնվելու վայրից, իրենց նվիրումը բերեն հայրենիքին:
Հանրապետության նախագահը մասնավորապես կարեւորել է կոռուպցիայի դեմ պայքարը, հասարակության մեջ բեւեռացման հաղթահարումը, սոցիալական արդարության, կրթության, պետական ապարատի գործունեությունն արդյունավետ դարձնելու խնդիրները:
Նախագահ Սարգսյանը Մայր Աթոռում հանդիպումը համարել է երկխոսության հնարավորություն եւ պատրաստակամորեն պատասխանել մասնակիցների հարցերին:
.jpg)
.jpg)




























