Այսօր՝ հունվարի 21-ին ժամը 08:40-ի սահմաններում Երեւանի բնակիչ 59-ամյա Վարդան Հայկի Վարդանյանը Արշակունյաց պողոտայի 9 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 74-ամյա Իշխան Գրիգորի Կիրակոսյանին: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
Ականատեսները նրան հայտնել են, որ վրաերթի ենթարկվածը փողոցը հատելիս է եղել հետիոտնի համար չնախատեսված վայրով: Վրաերթի հեղինակ Վարդանյանը կանգնեցրել է այդ պահին նշված վայրով անցնող 1-03 շտապօգնության ծառայության ավտոմեքենան եւ վրաերթի ենթարկվածին տեղափոխել Էրեբունի բժշկական կենտրոն: Ինքը՝ Վարդանյանը բժշկական կենտրոն է մեկնել իր «ՎԱԶ 2121» մակնիշի 17 ՍՕ 050 համարանիշի ավտոմեքենայով, որով էլ հենց կատարել էր վրաերթը:
Ժամը 15:00-ի սահմաններում վրաերթի ենթարկվածը հիվանդանոցում մահացել է: Հիվանդանոց է մեկնել ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհա-տրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչը:
Նշված բաժնում հարուցվել է քրեական գործ: Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվել է Երեւանի ՃՈ տուգանային հրապարակ:




























