ԱՄՆ Պետդեպարտամենտն առաջարկություններ է ներկայացրել նախագահ Դոնալդ Թրամփին կիբերանվտանգության ամրապնդման վերաբերյալ, որոնց թվում նաեւ արձագանքման միջոցների մշակումը կիբերհարձակումների դեպքում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը: Առաջարկների տեքստը հրապարակվել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության կայքում:
Առաջարկությունների տեքստում նշվում է, որ ԱՄՆ-ի հիմնական մոտեցումը պետք է կայանա նրանում, որպեսզի խոչընդոտներ ստեղծվեն նրանց համար, ովքեր ցանկանում են ներխուժել երկրի համակարգչային համակարգեր, պաշտպանվեն կարեւորագույն ենթակառուցվածքները եւ պայմաններ ստեղծվեն ցանցերի արագ վերականգնման համար: «Միացյալ Նահանգները կշարունակեն ավելացնել ջանքերը՝ հակառակորդներին կիբերտարածության մեջ չարամիտ գործողություններ կատարելու առավելություններից զրկելու համար»,- նշել են Պետդեպարտամենտում:
Այս նպատակով ԱՄՆ նախագահին առաջարկվել է քաղաքականություն մշակել՝ նշելով, թե որ պահին Միացյալ Նահանգները պետք է պատասխան քայլեր կատարեն: «Դրանում պետք է հստակեցվեն կիբերտարածության մեջ տարբեր տեսակի վնասակար գործողությունների համար չափանիշները, որոնց ԱՄՆ կառավարությունը մտադիր է դիմակայել»,- նշվում է առաջարկությունների մեջ:





























