Թավշյա հեղափոխության ժամանակ ցույցերին միացած զինվորականների նկատմամբ քրեական հետախնդում չկա: Այս մասին, այսօր՝ հունիսի 1-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Նա տեղեկացրեց, որ նշանակվել է ծառայողական քննություն, որի արդյունքների հիման վրա որոշումները կկայացվեն. «Ես կարող եմ շատ բան կարծել, բայց որոշումները կայացվելու են ծառայողական քննության արդյունքների հիման վրա»:
Հարցին, թե դատապարտելի՞ էր զինվորականների կողմից ցույցերին մասնակցելը, Տոնոյանը նշեց. «Թույլ տվեք ավարտել ծառայողական քննությունը, այդ ժամանակ կխոսենք»:
Նրա խոսքով, ծառայողական քննությունը մոտեցել է ավարտին, ներկայացվել է գլխավոր շտաբ, արդեն ներկայացվելու է իրեն:











