Տիգրան Մուկուչյանը դժվարանում է նշել, երբ կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Այս մասին նա նշեց հունիսի 1-ին՝ ԱԺ–ում   լրագրողների հետ զրույցում։ խորհրդարանական ընտրություններն։

«Թե երբ կնշանակվեն արտահերթ ընտրությունները, բացառապես քաղաքական ուժերի որոշման խնդիրն է, իսկ ԿԸՀ-ն Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին չի մասնակցում եւ դա նորմալ է, քանի որ դրանք նախատեսում են քաղաքական մոտեցումներ ու լուծումներ»,–նկատեց նա։

Անդրադառնալով ռեյթինգային կամ տարածքային ցուցակներով ընտրություններին, նա նշեց, որ դրանք նորություն չեն եւ կիրառվում են շատ երկրներում. «Դրանց վերաբերյալ գնահատակ տալը բացառապես քաղաքական մոտեցման խնդիր է, թե ինչպիսին պետք է լինի ընտրակարգը; Անկախ նրանից թե ինչ ընտրակարգ է, ԿԸՀ գործառույթն այդ ընտրակարգը կյանքի կոչելն է»։

Հարցին, թե արդյոք ԿԸՀ նախագահը պնդում է, որ նախորդ ընտրությունները լեգիտիմ էին, Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, որ իր դիրքորոշումը նա արդեն ներկայացրել է. «Ներկայացվել է նաեւ  ԿԸՀ–ի հաղորդումը։ Առիթ ունեցել ենք խոսել առկա խնդիրների ու թերությունների մասին։ Մենք բարձրաձայնել ենք մեր կարծիքը, եւ, բնականաբար, այդ կարծիքը այսօր չի ձեւավորվել, ձեւավորվել է ընտրություններից հետո»։

Դիտարկմանը, թե ինչպե՞ս է հնարավոր, որ երկրում լեգիտիմ ընտրություններից մեկ տարի հետո հեղափոխություն է տեղի ունենում, ԿԸՀ նախագահը նկատեց. «Հարցի վերաբերյալ ցանկացած պատասխան հնչեցնելը քաղաքական գնահատական կպարունակի։ Ես ընդամենը կարող եմ ասել, որ ընտրությունների մասին գնահատականները ամրագրված են նաեւ միջազգային դիտորդական առաքելությունների կարծիքներում»։