Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ  Նորք Մարաշ վարչական շրջանների նստավայրում այս պահին քննվում է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եւ նրա տեղակալ Կարեն Օհանյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը։

Դատարանի շենքի դիմաց Մասիսի բնակիչները բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով պահանջելով ազատ արձակել իրենց քաղաքապետին ու փոխքաղաքապետին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստով, ցուցարարների վրա հարձակվելու համար ձերբակալված Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին, քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանին, Մասիս քաղաքի բնակիչներ՝ 36-ամյա Սարգիս Սահակյանին, 22-ամյա Գեւորգ Համբարձումյանին, 30-ամյա Գոռ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել:

Եվս երկու անձ կասկածյալ է։

Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին 2-րդ մասերով՝ անկարգությունները կազմակերպելու եւ մասնակցելու համար: Մյուս 4 անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու համար։

Նշենք, որ ձերբակալվածներից երկուսի՝ Սարգիս Սահակյանի եւ Գեւորգ Համբարձումյանի նկատմամբ նախօրեին խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, իսկ նրանցից մեկը՝ 30-ամյա Գոռ Խաչատրյանը կալանավորվել է։