Հայաստանը տարբեր ոլորտներում ունի բարեփոխումների կարիք լինի սոցիալական արդարությանը, թե տնտեսության ամրացմանն ու խթանելուն ուղղված: Այս մասին «Ամերիկայի ձայնի» հետ հարցազրույցում նշել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
Նրա խոսքով, թեեւ անցյալ տարվա տնտեսական ցուցանիշները վատը չէին (7,5 տոկոս տնտեսական աճ-խմբ), բայց այն պետք է զարգացնել. «Հարկավոր է ստեղծել լավ միջավայր հայ եւ օտարերկրացի ներդրողների համար, որ նրանք կարողանան գալ ու ներդրումներ անել երկրում: Դրա համար պետք է ունենալ կայուն երկիր, որտեղ կոռուպցիան նվազագույն մակարդակի վրա են: Իհարկե, մեկ օրում չես կարող պայքարել կոռուպցիայի դեմ: Հնարավոր է կոռուպցիայի դեմ պայքար սկսել օրենքի ուժի օգնությամբ, բայց շատ դեպքերում այն մշակույթի մաս է կազմում, որն արմատախիլ անելու համար ամիսներ, գուցե տարիներ են հարկավոր: Ես հույս ունեմ, որ կառավարությունը կանի այն ամենը, ինչ անհրաժեշտ է այս ուղղությամբ»,-ընգծեց ՀՀ նախագահը:











