ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Der Spiegel- ին տված հարցազրույցում ասել է, որ ՆԱՏՕ-ն չի օգնի Իսրայելին Իրանի հետ զինված հակամարտության դեպքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ինչպես նշել է Ստոլտենբերգը, ՆԱՏՕ-ն չի կարող Իսրայելին անվտանգության լիարժեք երաշխիքներ տալ, քանի որ երկիրը կազմակերպության անդամ չի հանդիսանում, չնայած դաշինքի գործընկերն է:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը շեշտել է նաեւ, որ դաշինքը չի մասնակցում Մերձավոր Արեւելքում կարգավորման գործընթացին:

«Դա մեր աշխատանքը չէ», - ասել է նա:

Ստոլտենբերգը խոստովանել է, որ դաշինքի անդամների միջեւ տարաձայնություններ կան Իրանի հետ միջուկային գործարքի վերաբերյալ: Նա հավելել է, որ կազմակերպության բոլոր անդամները մտահոգված են Իրանի հրթիռային ծրագրով եւ «ահաբեկչական խմբերի աջակցությամբ», ինչը տարածաշրջանում անկայունությանն է հանգեցնում:

Անցյալ ամիս Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը մի քանի տարի շարունակ դիմակայում են Մերձավոր Արեւելքում իրանական ագրեսիային: Նա նաեւ ընդգծել է, որ Իսրայելի համար անթույլատրելի է Սիրիայում Իրանի ռազմական ներկայությունը: