Քաթարը ԱՄՆ-ին կոչ է արել խոհեմություն ցուցաբերել Իրանի հետ խնդրի լուծման հարցում եւ խուսափել կտրուկ գործողություններից: Այսպիսի դիրքորոշում է հայտնել երկրի պաշտպանության պետական նախարար Հալեդ բեն Մուհամեդ ալ Աթիյան կիրակի օրը՝ հանդես գալով Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անվտանգության հարցերով «Շանգրի լա երկխոսություն» միջազգային խորհրդաժողովին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք Իրանի հետ շատ տարաձայնություններ ունենք, բայց արդյոք դա մեր միջեւ պատերազմի կամ Միացյալ Նահանգների ու Իսրայելի կողմից ռազմական գործողությունների պատճառ է»,-նշել է նա։
Պաշտպանության պետական նախարարի խոսքով, անհրաժեշտ է հարգել այլ պետությունների ներքին գործերը։ Նա հավելել է նաեւ, որ Քաթարը հանդես է գալիս երկխոսության շարունակման օգտին, այդ թվում՝ «5+1» ձեւաչափով։
Հիշեցնենք, որ 2018 թվականի մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի միջուկային համաձայնագրից դուրս գալու եւ մինչեւ գործարքի կնքումը գործած պատժամիջոցների վերականգնելու Միացյալ նահանգների որոշման մասին։





























