Ոստիկանությունն ու քննչական մարմիններն արեցին իրենց գործը: Այս մասին, այսօր՝ հունիսի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ անդրադառնալով Մասիսի քաղաքապտ Դավիթ Համբարձումյանին եւ նրա տեղակալին չկալանավորելու որոշմանը:
Հարցին, թե դուք չունե՞ք տեսանյութեր, որոնք կապացուցեն, որ հենց նրանք են կատարել այդ բռնությունները ցուցարարների նկատմամբ, Օսիպյանը պատասխանեց. «Գիտեք, թե Հայաստանում որ մարմիններն են իրականացնում արդարադատությունը: Դատարանն այդպես որոեց, ես կխնդրեմ այդ հարցերը տաք այդ մարմիններին, հարցը ուղղեք դատարաններին: Դե երեւի բավարար տեսանյութեր եղել է, որ քննչական մարմնի հետ համատեղ նման որոշում է կայացվել», - նշեց ՀՀ ոստիկանապետը։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2018թ. ապրիլի 22-ին, Էրեբունի վարչական շրջանում մի խումբ անձինք, որոշները՝ բժշկական դիմակներով, հարձակվել են բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա եւ քարերով, մահակներով, էլեկտրահարող սարքերով բռնություն գործադրել:
Այդ փաստով ձերբակալված Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին, քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանին, Մասիս քաղաքի բնակիչներ՝ 36-ամյա Սարգիս Սահակյանին, 22-ամյա Գեւորգ Համբարձումյանին, 30-ամյա Գոռ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել:
Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին 2-րդ մասերով՝ անկարգությունները կազմակերպելու եւ մասնակցելու համար: Մյուս 4 անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու համար։
Հունիսի 2-ին դատարանը որոշել է քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եւ փոխքաղաքապետ Կարեն Օհանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել ստորագրությունը չհեռանալու մասին եւ նրանք ազատ են արձակվել: Սա հասարակության մեջ հակազդեցություն է առաջացրել;











