Ես վստահորեն հայտարարում եմ՝ այսօր ոստիկանությունում չկան կոռուպցիոն էլեմենտներ։ Այս մասին, այսօր՝ հունիսի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ անդրադառնալով ԱԱԾ-ի տնօրենի այն հայտարարությանը, թե ոստիկանությունն այն ավանդական կառույցներից է, որտեղ կոռուպցիա է եղել:
«Այո եղել են այդպիսի ստորաբաժանումներ, բայց ասել, որ ՀՀ ոստիկանությունում համատարած տարածված են եղել այդպիսի երեւույթներ, դա էլ ճիշտ չի լինի։ Հիմնականում դա այն ստորաբաժանումներն են, որ առնչվում են քաղաքացիների հետ, հիմնականում ՃՈ ստորաբաժանման մասին է խոսքը»,-ասաց Օսիպյանը՝ հավաստիացնելով, որ պատասխանատվության ենթարկելու դեպքեր անպայման կլինեն. «Մենք որդեգրել ենք այն սկզբունքը, որ կապ չունի կլինի ոստիկանության պետ Օսիպյանը թե կրտսեր սերժանտ Կիրակոսյանը»:
Հարցին, թե երբ կլինեն ոստիկանության չարաշահումների մասին բացահայտումները, որոնք կատարվել են նախկին իշխանության օրոք, ոստիկանապետը պատասխանեց. «Ես չեմ կարող ասել, թե նախկին ոստիկանապետի ժամանակ ինչպես է եղել: Նախկինում ՃՈ-ն չի եղել իմ ենթակայության տակ, բայց չբացառենք, որ եղել է կոռուպցիա»:
Դիտարկմանը, թե կոռուպցիոն դեպքերն անհատակա՞ն են, թե՞ սխեմաներ կան, ոստիկանապետը պատասխանեց, թե իրենք տիրապետում են իրավիճակին, ավելին՝ ունեն որոշակի դրվագներ, որոնց բացահայտումը դեռեւս ընթացքի մեջ է:











