Ալբանիայում հունվարի 22-ը սգո օր է հայտարարվել՝ երեկ հունվարի 21-ին ցուցարարների եւ ոստիկանների բախումների ժամանակ զոհերի հետ կապված: Այս մասին հայտնել է Ալբանիայի սոցիալիստական կուսակցության առաջնորդ Էդի Ռաման, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նա նաեւ ընդգծել է, որ սգո միջոցառումների ավարտից հետո բողոքի ակցիաները շարունակվելու են: «Ես անձամբ կգլխավորեմ ցուցարարներին»,- ասել է Էդի Ռաման:

Հիշեցնենք, որ հունվարի 21-ին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ավելի քան 20 հազար մարդ դուրս է եկել ցույցի, որն անմիջապես վերաճել էր ոստիկանության հետ զանգվածային բախումների: Երկրի խորհրդարանի մոտ տեղի ունեցած  այդ բախումների ժամանակ սպանվել էր երեք ցուցարար: Նրանց վրա կրակել էին շատ մոտ տարածությունից: Բացի այդ կա 39 վիրավոր, որոնցից 22-ը ցուցարարներ են, 17-ը՝ ոստիկաններ: Ցուցարարները կոտրել են մի քանի խանութների ցուցափեղկեր եւ ոստիկանական մեքենաներ:

Հանրահավաքի մասնակիցները բողոքել են երկրում տիրող կոռուպցիայից եւ պահանջել են կառավարության հրաժարականն ու նոր արտահերթ ընտրություններ: Իրադարձությունները զարգացել են Թունիսի սցենարով: