Երկուշաբթի Վրաստանի խորհրդարանում մեծամասնության եւ փոքրամասնության ներկայացուցիչների հանդիպման ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել 2017 թվականի դեկտեմբերի 1-ին տեղի ունեցած երկու աշակերտի սպանության գործով նախորդ շաբաթ ձեւավորված քննչական հանձնաժողովի նորմերի շուրջ:

Այս գործը լայն արձագանք էր ստացել հանրության շրջանում այն բանից հետո, երբ հինգշաբթի օրը Թբիլիսիի քաղաքային դատարանը չէր պարզել անձին, ով զանգվածային ծեծկռտուքի ժամանակ դանակով 12 հարված էր հասցրել 16-ամյա Դավիթ Սալարիձեին: Դատարանի այս որոշմանը լայնամասշտաբ բողոքի ցույցեր հետեւեցին Թբիլիսիում եւ Վրաստանի այլ քաղաքներում, որոնք կազմակերպվել էին սպանվածի հոր՝ Զազա Սալարիձեի կողմից: Ցույցերի մեկնարկից հետո հրաժարական տվեց Վրաստանի գլխավոր դատախազը, իսկ խորհրդարանում ժամանակավոր քննչական հանձնաժողով ձեւավորվեց:

«Այսօրվա հանդիպմանը որոշում կայացվեց, որ հանձնաժողովում կլինի 17 անդամ, որից 9-ը կներկայացնեն ընդդիմությունը: Որոշվել է նաեւ, որ հանձնաժողովը կգլխավորի խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչը», - լրագրողներին ասել է խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն, հաղորդում է Georgia Online-ը: