ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների  նախարար Արթուր Գրիգորյանը հունիսի 4-ին ընդունել է Հայաստանի հանրապետությունում  Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Իրանի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համատեղ, այդ թվում՝ ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքն ու ներդրումային նոր նախագծերի հնարավորությունները: Այս համատեքստում կարեւորվել  է Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ գծի կառուցման ծրագիրը եւ վերջինիս՝ սահմանված ժամկետներում իրականացնելու անհրաժեշտությունը:

Անդրադարձ է եղել հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի գործունեության հետագա ակտիվացմանը,  մասնավորապես,  ս. թ. փետրվարին  Երեւանում ստորագրված հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 15-րդ համատեղ նիստի՝ փոխըմբռնման հուշագրով նախատեսված ծրագրերի ընթացքին   եւ անելիքներին:

Հանդիպման ավարտին դեսպան Սաջադին շնորհակալություն է հայտնել նախարար Գրիգորյանին  ջերմ ընդունելության համար եւ նշել, որ դեսպանությունը պատրաստակամ  է  էներգետիկ ենթակառուցվածքների ոլորտում  ամրապնդել համագործակցությունը եւ խորացնել   գործընկերային հարաբերությունները: