«Խաղաղ բանակցային գործընթացը ղարաբաղյան խնդրի լուծման լավագույն տարբերակն է: Ես վստահ եմ, որ թե՜ Հայաստանի, թե՜ Ադրբեջանի իշխանությունները կողմնակից են խաղաղ բանակցություններին»,- նման տեսակետ է հայտնել Ռուսաստանի Առաջին ալիքի «Դատեք ինքներդ» հաղորդման հաղորդավար, ՌԴ Հանրային պալատի ազգամիջյան հարաբերությունների եւ խղճի ազատության հարցերով հանձնախմբի ղեկավար Մաքսիմ Շեւչենկոն, ադրբեջանական Vesti.Az-ին տված հարցազրույցում:
«Հակամարտությունը հանգեցրել է իսկական ողբերգության, երբ հարյուր հազարավոր, միլիոնավոր մարդիկ լքել են հարազատ վայրերը, որտեղ նրանք ծնվել ու ապրել են: Դրանից հետո, իհարկե, դժվար է պատկերացնել, որ խնդիրը հեշտ կլինի լուծել: Հաշվի առնելով այն ցավը, վիրավորանքը, որ կա մարդկանց հոգիներում, շատ դժվար է ինչ-որ համաձայնության հասնել»,- հայտարարել է նա:
Շեւչենկոն նշել է, որ «քաղաքականությունը բազմաքայլ եւ շատ բարդ գործընթաց է»:
«Ի վերջո, տարածաշրջանի համար գլխավոր նպատակը խաղաղության պահպանումն է եւ բոլոր կողմերի համար ընդունելի կարգավիճակի հաստատումը: Հավատացեք, ես ե՜ւ հայերի կողմից եմ, ե՜ւ ադրբեջանցիների: Ես այն մարդկանց կողմից եմ, ովքեր իմ նման ԽՍՀՄ քաղաքացիներ են: Ես այն մարդկանց կողմից եմ, ովքեր, ցավոք, պատերազմում են միմյանց հետ: Պատերազմի արդյունքում տուժել են հսկայական թվով մարդիկ եւ դա շատ ցավալի է»,- հավելել է հեռուստահաղորդավարը:
Նա կարծիք է հայտնել, որ խաղաղ գործընթացը չի որոշվում այս կամ այն հայտարարություններով: «Բանակցությունները ձեւաչափը իրականացվում է ուղիղ շփումներով, որոնք, մասնավորապես, ներկայումս կազմակերպում է ՌԴ նախագահ Մեդվեդեւը Մոսկվայում: Ես նկատի ունեմ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպումը»,- ընդգծել է Շեւչենկոն:





























