Հայաստանը եւ Վրաստանը պետք է աշխատեն ի նպաստ երկու երկրների բարգավաճման, Երեւանը եւ Թբիլիսին պետք է անեն ամեն հնարավոր բան երկկողմ հարաբերությունների էլ ավելի ամրապնդման համար։ Հայաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում՝ մաթեմատիկայի, ֆիզիկայի եւ ինֆորմատիկայի հայ-վրացական օլիմպիադայի փակման արարողության ժամանակ այս մասին հայտարարեց Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին։
«Ես այնքան էլ հաճախ չեմ հանդիպում մեկ լսարանում հավաքված այսքան խելացի աչքերի»,- հայտարարեց նա՝ օլիմպիադայի հաղթողների պարգեւատրման արարողությունից հետո։ Երկու երկրների նախագահները օլիմպիադայի հաղթողներին նոութբուքեր հանձնեցին։ Վրաստանի նախագահը հայ եւ վրացի դպրոցականներին խրատի կարգով ասաց, որ չմոռանալով մայրենի լեզուն՝ պետք է սովորել նաեւ օտար լեզուներ։ «Վրաստանում առաջին օտար լեզուն ներկայումս անգլերենն է, վստահ եմ, որ նման միտում կա նաեւ Հայաստանում»,- հայտարարեց Սահակաշվիլին։
Նա նաեւ խոստացավ տրամադրել նախագահական 10 պարգեւներ, որոնց հաշվին հայ ուսանողները կարող են սովորել վրացական բուհերում։ Սահակաշվիլին նաեւ հայտնեց, որ հայ-վրացական հաջորդ օլիմպիադան կանցկացվի Թբիլիսիում, Բաթումիում կամ Քութայիսում։




























