Կանադայի Տորոնտո քաղաքում կայացել է ոստիկանության սերժանտ Ռայան Ռասելի սպանության գործով առաջին դատական նիստը: Ենթադրվում է, որ ոստիկանին սպանողը հայ է: Նա դատարանի դահլիճ է մտել գլուխը կախ:

Հետաքննության տվյալներով, Ռիչարդ Քաչքարը հունվարի 12-ի առավոտյան փորձել է գողանալ ձյուն մաքրող սարքը: Այդ պահին ոստիկանը նկատել է դա, սակայն տղամարդը չէր պատրաստվում այդպես հեշտ հանձնվել: «Նա հարձակվել է ոստիկանի վրա, իսկ նրա կատաղի մոլուցքը շարունակվել է շուրջ 2 ժամ: Գողը կանգ է առել միայն այն ժամանակ, երբ վրա հասած ոստիկանները մի քանի անգամ կրակել են իր ուղղությամբ»,- գրում է կանադական The Globe and Mail-ը:

Ռիչարդը վիրավորվել է եւ տեղափոխվել հիվանդանոց:

Հիվանդանոցից դուրս գալուց հետո Քաչքարը հրավիրվել է դատարան, սակայն դատավոր  Միլան Դենը Ռիչարդին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ որոշման կայացումը հետաձգել է մինչեւ հունվարի 25-ը, որպեսզի հնարավորություն տա նրան դատապաշտպան գտնել իր համար:

Ռ. Քաչքարը երկու երեխաների հայր է, սովորել է Հայաստանում ավելի քան 20 տարի առաջ, մասնագիտությամբ ճարտարապետ է:

Տեղափոխվելով Կանադա, Քաչքարը դեղագործական ընկերությունում աշխատել է որպես առեւտրի մենեջեր, որը ներկայումս դադարեցրել է իր գործունեությունը: