Որքան շուտ հայ եւ վրացի ժողովուրդները կարողանան իրականացնել իրենց նպատակները, այնքան շուտ կհասնենք Հայաստանի եւ Վրաստանի անվտանգությանը, հայ-վրացական օլիմպիադիայի փակման արարողության ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Հայ-վրացական օլիմպիադան անցկացվել է մաթեմատիկա, ֆիզիկա եւ ինֆորմատիկա առարկաներից, որին ներկա է եղել նաեւ աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին:
«Մեցցե անվտանգ Հայաստանը, կեցցե անվտանգ Վրաստանը»,- շարունակել է Սերժ Սարգսյանը:
Հայաստանի նախագահն ընդգծել է, որ հայ-վրացական բարեկամությունն սկսվել է վաղուց եւ ներկայումս երկու ժողովուրդները պետք է կարողանան պահպանել այն եւ փոխանցել հաջորդ սերունդներին: «Բայց ինչպե՞ս կարելի է պատկերացնել հայ-վրացական բարեկամությունն առանց մրցակցության»,- նկատել է ՀՀ նախագահն ու շարունակել, որ երկու ժողովուրդները միշտ էլ մրցակցել են մշակույթի, գիտության եւ կրթության ոլորտներում, բայց երբեք դուրս չեն եկել միմյանց դեմ զենքը ձեռքներին:
«Եթե մենք մրցակցենք գիտության, կրթության, սպորտի, մշակույթի ոլորտներում, մենք կհաղենք ամեն դժվարություն»,- ասել է նա, ընդգծելով, որ մեր երկու երկրներում պետք է պայմաններ լինեն կրթված մարդու զարգացման համար:
Որպես օրինակ Սերժ Սարգսյանը հայ եւ վրացի դպրոցականներին ներկայացրել է իր վրացի գործընկերոջ կենսագրությունը. «Ահա Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին մի մարդ է, ով 28 տարեկանում դարձել է գիտությունների դոկտոր, իսկ 36-ում՝ երկրի նախագահ: Դա խոսում է այն մասին, որ մարդը միշտ կարող է հասնել իր առջեւ դրված նպատակներին»:
ՀՀ նախագահը կոչ է արել դպրոցականներին չմոռանալ հայ-վրացական բարեկամության մասին, որը արժեք է ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի համար: Նա նաեւ խոստացել է վրացի ուսանողներին հնարավորություն տալ կրթվել հայկական բուհերում:





























