Հայաստանը իրավապահության կազմակերպման, բինես-միջավայրի լավացման հարցերում շատ բան սովորել եւ ընդօրինակել է Վրաստանի փորձից, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանում աշխատանքային այցով գտնվող վրացի գործընկերոջ՝ Միխայիլ Սահակաշվիլիի հետ SYNOPSYS ընկերություն կատարած այցի ժամանակ։
«Եւ ահա մենք կցանկանայինք մեր ձեռքբերումները ցույց տալ Վրաստանի նախագահին, ինչ-որ կերպ հպարտանալ մեր արդյունքներով»,- նշել է Սերժ Սարգսյանը, ինչին ի պատասխան Վրաստանի նախագահը կատակով ասել է. «Շատ համեստ է ասված, չափից դուրս ոչ հայեցի. ի՞նչ է նշանակում «փորձել հպարտանալ»։
Ծիծաղելով իր վրացի գործընկերոջ կատակի վրա՝ Սերժ Սարգսյանը շարունակել է. «Մենք մեր ձեռքբերումները Վրաստանի նախագահին ցույց ենք տալիս նրա համար, որպեսզի նա հետագայում մեզ հետ կիսվի բիզնես-միջավայրի լավացման իր փորձով»։ Հայաստըանի նախագահն ընդգծել է, որ փորձի ընդօրինակումը երկու երկրների համագործակցությանը եւ երկու ժողովուրդների բարեկամությանը բնորոշ գիծ է։ Հայաստանի նախագահը նաեւ ընդգծել է, որ Միխայիլ Սահակաշվիլիի այցը Հայաստան հայ-վրացական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված եւս մեկ քայլ է։





























