Հայաստանի տնտեսության կառուցվածքի մեջ տեղի են ունենում փոփոխություններ,  մասնավորապես, նվազում է շինարարության տեսակարար կշիռը ՀՆԱ-ի մեջ: Այսօր՝ հունվարի 22-ին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 18-րդ նիստի ժամանակ հայտարարել է նիստը նախագահող Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: նա նշել է, որ այս պահի դրությամբ, ՀՆԱ-ի մեջ շինարարության տեսակարար կշիռը կազմում է 15 տոկոս, այնինչ նախկինում 25 տոկոս էր: «Աճում է արդյունաբերության տեսակարար կշիռը. եթե ծառայությունների տեսակարար կշիռը համեմատենք 2005թ. հետ, ապա 30 տոկոսից այն հասել է 40-ի»,- ասել է նա:

Կարեւորելով արտահանման ծավալի առաջանցիկ տեմպերով բարելավումը` վարչապետը նշել է. «Մենք ունենք 40 տոկոս արտահանման, շուրջ 15 տոկոս` ներմուծման աճ: Այսինքն` առեւտրային հաշվեկշռի միտումները բարելավվել են, ինչպես նաեւ վճարային հաշվեկշռի առումով ունեցել ենք դրական միտումներ»:

Տ. Սարգսյանը կարեւորել է ինտերնետի սակագների կտրուկ նվազումը եւ ինտերնետից օգտվողների թվի կրկնապատկումը: Նշվել է, որ 4G տեխնոլոգիայի փորձարկումով ու այս տարի համընդհանուր կիրառության մեջ մտցնելով` Հայաստանը կընդգրկվի գերժամանակակից այս ցանցը կիրառող երկրների առաջին տասնյակի մեջ:

Տիգրան Սարգսյանը խոսել է նաեւ տնտեսության ոլորտում իրականացվող բարեփոխումների համատեքստում տրված հարկային արտոնությունների մասին. «Կառավարության որոշումներով 12 ձեռնարկության տրվել է հարկային արտոնություն` ավելացված արժեքի հարկի վերադարձը հետաձգելով: Դրանք ծրագրեր են, որոնք ամբողջական ծավալով իրականացվելու են 2011թ. ընթացքում եւ խթանելու են ՀՆԱ-ի աճը արդյունաբերության ոլորտում»: Վարչապետը հույս է հայտնել, որ 2011թ. կշարունակվի տնտեսության դիվերսիֆիկացիան: