«Ռոսօբորոնէքսպորտի» դեմ ԱՄՆ պատժամիջոցները չեն ազդի Հնդկաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմական համագործակցության վրա։ Այս մասին հայտարարել է Հնդկաստանի պաշտպանության նախարար Նիրմալա Սիտարամանը, հաղորդում է AFP-ն:
Հնդկաստանը բանակցում է Ռուսաստանի հետ Ս-400 զենիթահրթիռային համալիրի ձեռքբերման շուրջ, սակայն ԱՄՆ պատժամիջոցներից հետո ենթադրություններ առաջ եկան, որ 6 մլրդ դոլար արժողությամբ գործարքը կարող է տապալվել:
Հնդկաստանի պաշտպանության նախարարը հավաստիացրել է, որ երկարատեւ բանակցությունները «ավարտական փուլին են հասել»։ «Ես կցանկանայի պարզաբանել, որ մենք խոսել ենք ԱՄՆ-ի հետ այն մասին, որ պաշտպանության ոլորտում Հնդկաստանի եւ Ռուսաստանի համագործակցությունը երկարատեւ բնույթ է կրում»,-նշել է նա՝ հավելելով, որ դրանք ժամանակով փորձված հարաբերություններ են, եւ Հնդկաստանը բավական շատ պաշտպանական ակտիվներ ունի Ռուսաստանից։





























