Հանրային հեռուստաընկերությունը Նիկոլ Փաշինյանին հարթակ տրամադրել է մինչեւ քայլարշավը, որտեղ նա քննադատել է բոլորին՝ անգամ ՀՀ նախագահին: Այս մասին, այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Հանրային հեռուստաընկերության տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը. «Մինչեւ քայլարշավը Հանրային հեռուստաընկերությունը ուներ քաղաքական պլատֆորմ, որը կոչվում էր «Եռանկյունի»։ Առաջին անգամ պարոն Փաշինյանն այնտեղ եղել է եթերում ու ամենայն մանրամասներով քննադատել  բոլոր իշխանություններին՝ սկսկած նախագահից եւ այդ ամենը գնացել է եթեր, առանց որեւէ վայրկյան մոնտաժվելու»,- նշեց Գրիգորյանը՝ հավելելով, որ ինքը որեւէ անգամ չի միջամտել Հանրայինի լրատվական ծառայության ղեկավարի աշխատանքին:

Նա հայտարարեց, որ ինչ-ես այլ լրատվամիջոցներ, Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայությունը եւս ազատ մամուլ է եւ իր իրավունքնէ եղել որոշել, թե ինչը լուսաբանի, ինչը՝ ոչ, որ իրադարձությունը կարեւոր համարի, որը՝ ոչ:

Դիտարկմանը, որ հասարակությունն այսօր ուզում է կտրվել, այսպես կոչված «Հայլուրի» իրականությունից, Գրիգորյանը պատասխանեց. «Դուք այսօր կտրվել եք «Հայլուրի» իրականությունից: Այսօր «Օրակարգ» հաղորդումը լուսաբանում է այսօրվա իշխանություններին: Հիմա չլուսաբանե՞նք իշխանություններին: Մենք կփորձենք մեր լրատվական ծրագրի հետ կապված մեր բոլոր դիտարկումները իրականացնել արժանվույնս: Թույլ տվեք մեզ իրականացնել այն փոփոխությունները, որ կատարվել են»:

Նա հերքեց, թե երբեւէ իրեն Բաղրամյան 26-ից ցուցում եղել է:  Հարցին, թե ինչու Հանրայինի ղեկավարությունը չի հեռանում, Մարգարիտա Գրիգորյանը պատասխանեց. «Որովհետեւ Հանրայինի ղեկավարությունը չի արել որեւէ անամոթ, որեւէ սխալ գործ»: