Դեկտեմբերի վերջերից իշխանական ճամբարում սկսված կադրային փոփոխությունները վկայում են, որ իշխանությունները սկսել են գիտակցել, թե երկրում առկա վիճակը բավականին բարդ է եւ չի բացառվում, որ թունիսյան հայտնի դեպքերը կրկնվեն նաեւ մեզ մոտ։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին  ասաց փորձագետ Մանվել Սարգսյանը։

«Նման կարծիքներ արդեն իսկ կան, այս մասին  խոսում են արտասահմանյան մասնագետները։  Կադրային վերջին փոփոխությունները, ԱԼՄ հեռուստաալիքի եւ Տիգրան Կարապետյանի հետ կապված իրադարձությունները եւ մի շարք այլ հանգամանքներ ցույց են տալիս մի բան. իշխանություններն իրենք էլ գտնում են, որ իրավիճակը շատ բարդ է եւ այսպես երկար ժամանակ չի կարող շարունակվել։ Այդ է պատճառը, որ նրանք փորձում են ինչ-որ քայլեր անել, փոխել իրավիճակը եւ «դուրս գալ» դրա տակից։ Փաստերոն, Հայաստանում եւս պատկերացում կա, որ թունիսյան դեպքեր կարող են տեղի ունենալ նաեւ մեզ մոտ»,- ասաց Սարգսյանը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Թունիսի կառավարությունը ցրվել է հունվարի 14-ի վաղ առավոտյան: Այդ երկրի նախագահ Զին ալ-Աբիդին բեն Ալին փախել է երկրից: Թունիսում ռազմական հեղաշրջում է տեղի ունեցել, բանակը իշխանությունն վերցրել է իր ձեռքը:

Երկրում զանգվածային անկարգությունները սկսվել էին դեռեւս 2010 թվականի դեկտեմբերի 17-ին։